Рубрика: Ուսումնական նյութեր

Մեղվի սնունդը

Մեղվի սնունդը

 
 

Մեղրատու մեղվի սննդի կազմության մեջ են մտնում երկու տեսակի մթերք, դրանք են մեղրը կամ նեկտարը, ծաղկափոշին կամ ծաղկափոշու խյուսը: Աշխատավոր մեղուները ոչ միայն իրենք են դրանց պահանջը զգում, այլև դրանցով կերակրում են մայր մեղվին, բոռերին և թրթուրներին: Այդ նպատակով էվոլյուցիայի ընթացքում աշխատավոր մեղուների մոտ մշակվել է անհրաժեշտ կերապաշար կուտակելու, մշակելու և պահածոյացնելու բնազդը:

Այս յուրահատկության պատճառով աշխատավոր մեղվի մարսողական օրգանների կառուցվածքն ու ֆունկցիաները տարբերվում են մայր մեղուներից և բոռերից: Մեղրով ու ծաղկափոշու խյուսով սնվում են հասուն մեղուները, բոռերը և երեք օրականից ավել հասակ ունեցող թրթուրները: Երիտասարդ թրթուրներին մինչև չորս օրական հասակը կերակրող մեղուները սնում են իրենց վերծնոտային և ըմպանային գեղձերից արտազատվող կաթով: Ամբողջ թրթուրային զարգացման ընթացքում և ձվադրման ժամանակ մայրը սնվում է միայն կաթով: Միայն այդպիսի կերակրման շնորհիվ բեղմնավորված ձվից ծնվում է մեղվից երկու և ավելի անգամ մեծ մայրը՝ զարգացած սեռական օրգաններով:

ՆԵԿՏԱՐ և ՄԵՂՐ

Մեղրը աշխատավոր մեղուների կողմից նեկտարից կամ մանանայից մշակված մթերք է: Այն համարվում է մեղվի համար ածխաջրատներով հարուստ կեր և մեղվաբուծության գլխավոր արտադրանքն է: Վաճառվող ապրանքային մեղրը լինում է կենտրոնախույս, երբ այն հանում են մեղրահացերից մեղրաքամի օգնությամբ, մամլած՝ որը ստացվում է մեղրահացերի մամլումից, և մեղրահացային, որը գտնվում է մեղրահացերում և հատուկ փայտից, կամ պլաստմասսայից պատրաստված փոքր շրջանակներում: Գոյություն ունի նաև մեղր, որը ստացվում է երբ մեղուներին շաքարավազի օշարակ են տալիս: Մեղուները օշարակը մշակում և լցնում են մեղրահացերի բջիջների մեջ: Սովորաբար այն օգտագործում են՝ մեղուների մեղրով պաշարը փոխարինելու կամ պակասը լրացնելու համար: Շաքարավազից պատրաստված մեղրը բնականից տարբերվում է սպիտակուցային նյութերի, հանքային աղերի և վիտամինների գրեթե լրիվ բացակայությամբ: Վաճառքն արգելվում է, համարվում է կեղծ: Արտադրությունը պատրաստում է արհեստական մեղր, որն իր արտաքին տեսքով նման է մեղրին, բայց իր քիմիական կազմությամբ, բուժիչ և սննդարար հակտությամբ տարբերվում է: Դա ինվերտացված (տարրալուծված) եղեգնի շաքար է: Երբեմն մեղուները նեկտար են հավաքում , որը թունավոր է և այդ նեկտարից պատրաստված մեղրը սննդում չի կարելի օգտագործել: Թունավոր մեղրի աղբյուրներն են հանդիսանում հավամրգու, լեռնային դափնու, լեռնավարդի, ճահճախնկենու, ղանձլամերի ծաղիկներից հավաքած նեկտարը: Հայտնվում են թունավորման նշաններ 20-200 գրամ թունավոր մեղր օգտագործելուց 15-20 րոպե հետո, իսկ երբեմն ավելի ուշ սկսվում է գլխացավ, գլխապտույտ, այրում, ցավ բերանում, կերակրափողում, ստամոքսում, սրտխառնոց, փսխում, լուծ, դեմքի գունատություն կամ կապտում, շնչարգելություն, զարկերակի արագացում կամ դանդաղացում, ընդհանուր թուլություն, սկսում է դող, քոր, երբեմն ստորին վերջույթների ջղաձգություններ, մատների փայտացում, ուշագնացություն, զառանցում: Որպես կանոն, այս բոլոր նշաններն անցնելուց հետո հետք չեն թողնում օրգանիզմի վրա: Թունավոր մեղրը մեղուները հավաքում են Արևմտյան Վրաստանում, Սև ծովի կովկասյան ափերում: Բնության մեջ ծաղկավոր բույսերի նեկտարանոցներից մեղուները նեկտար են հավաքում, մշակում և դարձնում մեղր: Այսպիսի մեղրը կոչվում է ծաղկի և բաժանվում է միածաղկայինի (մոնոֆլորային) և բազմածաղկայինի (պոլիֆլորային): ՄԻԱԾԱՂԿԱՅԻՆԸ հիմականում մի տեսակի բույսերից հավաքված նեկտարի մեղրն է: Այն անվանում են տվյալ բույսի անվամբ՝ լորենու, արևածաղկի, հնդկացորենի և այլն: ԲԱԶՄԱԾԱՂԿԱՅԻՆ մեղրը ստացվում է միաժամանակ մի քանի տեսակի բույսերից մեղուների հավաքած նեկտարից: Այդպիսի մեղրն անվանում են լեռնային, անտառային, տափաստանային, դաշտային, մարգագետնային և այլն: Հայաստանի մեղրը հիմնականում լեռնային է, ստացվում է լեռնային տարբեր խոտաբույսերից: Նեկտարը կազմված է առավելագույնս եղեգնաշաքարից, պտղաշաքարից, խաղողաշաքարից ու 40-80% ջրից: Այս բաղադրամասերի քանակն ու կազմությունը նեկտարի մեջ տարափոխվում են՝ կախված բույսերի տեսակից ու կարգից, օդերևութաբանական և մի շարք այլ պայմաններից: Նեկտարի հավաքման ընթացքում միաժամանակ մեղվի մեղվապարկն է լցվում ըմպանային գեղձի արտազատուկը, որը պարունակում է ինվերտազ ֆերմենտը: Այս ֆերմենտի ազդեցությամբ նեկտարի բարդ եղեգնաշաքարը վերածվում է պարզ շաքարների՝ խաղողաշաքարի ու պտղաշաքարի կամ գլյուկոզի ու ֆրուկտոզի, որոնք ամբողջովին և հեշտությամբ յուրացվում են մարդու օրգանիզմի կողմից: Նեկտարի վերջնական մշակումն ավարտվում է փեթակում: Հավաքող մեղուն, նեկտարով վերադառնալով փեթակ, մեղրապարկից այն դուրս է թափում: Կնճիթի ծայրին հայտնված նեկտարի կաթիլը տալիս է փեթակի աշխատող մեղվին, վերջինս իր կնճիթի օգնությամբ ծծում է այդ կաթիլը մեղրապարկի մեջ և սկսում վերամշակել՝ մեղրապարկից կնճիթի մեջ մղելով և նորից մեղրապարկի մեջ լցնելով: Վերամշակման այդպիսի պրոցեսը տևում է մինչև 20 րոպե, որը նեկտարի խոնավությունն իջեցնում է մինչև 40-50%-ի: Հետո մեղուն այդ նեկտարը տեղավորում է մեղրահացի բջիջների մեջ: Խոնավության հետագա հեռացումը նեկտարից և շաքարների խտությունը մինչև 80%-ի հասցնելը տեղի է ունենում արդեն մեղրահացերում: Նեկտարից ջրի գոլորշիացմանը նպաստում է բնում աշխատող մեղուների կողմից կատարվող ուժեղ օդափոխությունը: Դրանից հետո, երբ մեղրը հասունանում է, մեղուները մոմե կափարիչներով կնքում են լցված բջիջները: Կափարիչներից խոնավություն չի անցնում մեղրին: Բոլոր մեղրերը ժամանկի ընթացքում հեղուկ վիճակից դառնում են բյուրեղանման: Չհասունացած մեղրը ավելի վատ է բյուրեղանում, քան հասունացածը: Մեղրն ինչաքան խաղողաշաքար է պարունակում, այնքան շուտ է բյուրեղանում: Մեղրի մի քանի տեսակներ, հատկապես ձմռան ընթացքում, բյուրեղանում են նույնիսկ մեղրահացերում, որոնք գտնվում են ընտանիքի բնում: Քանի որ այդպիսի մեղրով մեղուն չի կարող սնվել, ընտանիքը կամ նրա մի մասը կարող է հանգել: Այդպիսի մեղրը մեղվապահները չեն թողնում մեղուներին ձմեռման համար:

ՄԱՆԱՆԱՅԻ ՄԵՂՐ

 Մեղուներն հաճույքով հավաքում են քաղցր արտադրություններ, որոնք ժամանակ առ ժամանակ հայտնվում են տերևների և տարբեր բույսերի ցողունների վրա: Դրանք ըստ ծագման լինում են բուսական և կենդանական: Առաջինի դեպքում մեղուները հավաքում են բույսերի կամ ծառերի կողմից արտադրված քաղցր արտազատուկը. ստացված մեղրը կոչվում է մեղրացողային: Երկրորդի դեպքում մեղուները հավաքում են բույսերի կամ ծառերի վրա գտնվող լվիճների քաղցր արտաթորանքը. Դրանից ստացված մեղրը կոչվում է մանանայի: Երբեմն դրանք այնքան առատ են լինում, որ թափվելով գետնին՝ ծառերի տակ, առաջացնում են ջրափոսիկներ: Ընտանիքը, որին թողել են այդպիսի մեղրով ձմեռելու, գարնանը շատ է թուլանում կամ ոչնչանում է: Մանանայի մեղրով ձմեռող ընտանիքը չի ոչնչանա, եթե ձմռան տաք օրերին հնարավորություն ունենա թռչելու, մաքրելու աղիքները և ջուր հավաքելու: Ամռանը մանանան չի վնասում մեղուներին: Մարդու համար մանանայի մեղրը վտանգավոր չէ: Նրա շատ տեսակներ մուգ գույն ունեն, և համը դառնավուն է: Երբեմն բաց գույնի մանանայի մեղրը ավելի համեղ է, քան ծաղիկներից ստացվածը: Միջազգային շուկայում մանանայի մեղրն ավելի արժեքավոր սննդամթերք է համարվում, քան ծաղկի մեղրը:

ԾԱՂԿԱՓՈՇԻ և ՄԱՅՐԱԿԱԹ

Մեղվաընտանիքների կենսագործունեության համար ծաղկափոշին մյուս մեղվաբուծական մթերքների համեմատությամբ, հատուկ նշանակություն ունի: Այն հանդիսանում է մեղուների համար միակ սպիտակուցային կերը: Ծաղկափոշու գնդիկները ծաղկավոր բույսերի արական սեռական բջիջներն են: Մեղուները հաճախելով ծաղիկներին հավաքում և գնդիկի ձևով կուտակում են ծաղկափոշին՝ երրորդ զույգ ոտքերի վրա եղած զամբյուղիկներում: Ծաղկափոշու այդ գնդիկները մեղուն բերում է փեթակ և տեղավորում մեղրահացերի, թրթուրների և հարսնյակների շրջապատում եղած դատարկ բջիջների մեջ կամ կոխքի շրջանակի դատարկ մեղրահացերի բջիջներում: Փեթակի մեջ աշխատող մեղուները գլխով տոփանում են բջիջների մեջ լցված ծաղկափոշու գնդիկները և վերևից մեղրով ծածկում: Դրա շնորհիվ ծաղկափոշին դառնում է օդի նկատմամբ անթափանցիկ: Ծաղկափոշու մեջ գտնվող միկրոօրգանիզմների ազդեցության տակ տեղի է ունենում կաթնաթթվային խմորում, կուտակվում է կաթնաթթու, որը բջիջիների պարունակությունը պահպանում է փչանալուց: Բջիջների մեջ գտնվող այդպիսի ծաղկափոշին կոչվում է ծաղկափոշու խյուս: Մեղուն միանգամից փեթակ է բերում ծաղկափոշու երկու գնդիկ՝ յուրաքանչյուրը 8-15 մգ քաշով: Այդ քանակությամբ ծաղկափոշի հավաքելու համար մեղուն հաճախում է մոտավորապես 500 ծաղկի: Օրվա ընթացքում մեղվաընտանիքը կարող է հավաքել և կուտակել մինչև 1 կգ ծաղկափոշի, իսկ ամբողջ սեզոնի ընթացքում՝ մինչև 50 կգ: Մեղրահացի մեկ բջջի մեջ տեղավորվում է 18 գնդիկ՝ 140-180 մգ քաշով, իսկ ամբողջ մեղրահացում՝ 1-1.5 կգ: Ծաղկափոշու խյուսի տարեկան պահանջը, կախված մեղվաընտանքիների ուժից ու զարգացման բնույթից, տատանվում է 10-20 կգ սահմաններում: Կան շրջաններ և տարվա սեզոններ, երբ մեղուն շատ ծաղկափոշի է հավաքում և նրանով լցնում ընտանիքի համարյա բոլոր մեղրահացերի բջիջները: Մեղվապահները ստիպված են փեթակից հանել այդպիսի մեղրահացերը և փոխել նորերով: Անհրաժեշտ է այդպիսի շրջաններում մեղվից ծաղկափոշին հավաքել հատուկ հարմարանքով: Վերցնել ծաղկափոշու գնդիկները, չորացնել, պահել ու մեղուներին կերակրելու համար օգտագործել տարվա այն ժամանակահատվածում, երբ բնության մեջ չի լինում անհրաժեշտ քանակությամբ ծաղկափոշին: Ծաղկափոշու նշանակությունը մեծ է հատկապես գարնանն ու ամռանը, երբ մեղուները մեծ քանակությամբ թրթուրներ են կերակրում: Ծաղկափոշին նեկտարի և ջրի հետ խառնած խյուսի ձևով մեղուն տալիս է երեք օրականից մեծ հասակ ունեցող մեղուների և բոռերի թրթուրներին: Ծաղկափոշին՝ որպես կեր, մեղուներին անհրաժեշտ է ըմպանային և մոմային գեղձերի գործունեության, ինչպես նաև նեկտարի վերամշակման ժամանակ ֆերմենտների սինթեզի համար: Առանց ծաղկափոշու մեղուները չեն կարող թրթուրներ աճեցնել և մոմ արտադրել: Ծաղկափոշու բացակայության դեպքում խանգարվում է մեղվաընտանիքի նորմալ կենսագործունեությունը, քանի որ մեղուն, թրթուրային վիճակում անհրաժեշտ քանակությամբ ծաղկափոշի չստանալու դեպքում ֆիզիոլոգիապես լիարժեք չի լինում: Պարզված է, որ ձեռքով հավաքած ծաղկափոշին ավելի քիչ սննդարար է, քան մեղուների միջոցով հավաքած ծաղկափոշու գնդիկները: Դա բացատրվում է նրանով, որ մեղուները ծաղկափոշու գնդիկները ձևավորելու ժամանակ այն շաղախում են նեկտարով կամ մեղրով: Ծաղկափոշին հանդիսանալով բուսական օրգանիզմի արտադրանք և մեղուների համար լիարժեք սպիտակուցային կեր, պարունակում է բոլոր բարդ օրգանական միացությունները՝ տարբեր տեսակի վիտամիններ, ֆերմենտներ և այլ նյութեր, որոնց բացակայության կամ պակասի դեպքում խախտվում է օրգանիզմի նորմալ կառուցումն ու զարգացումը:

ՄԱՅՐԱԿԱԹԸ

Մայրակաթը աշխատավոր մեղուների վերին ծնոտների ըմպանային գեղձերի արտազատուկն է, որն ավելի ակտիվ արտադրվում է կերակրող մեղուների մոտ՝ 4-15 օրական հասակում: Դրանով մեղուները կերակրում են թրթուրներին: Եթե պետք է մայր ստանան, առատ կերակրում են սնվելու բոլոր օրերի ընթացքում, իսկ աշխատավոր մեղու ստանալու համար՝ առաջին երեք օրը: Մայրակաթի կազմությունը փոխվում է կախված թրթուրների հասակից: Մայրակաթով մեղուները կերակրում են մայր մեղվին ձվադրման ժամանակ: Նրանում ջուրը կազմում է 66%: Մայրակաթը հարուստ է սպիտակուցներով, ճարպերով, վիտամիններով ու հանքային աղերով: Այն օժտված է մանրեասպան հատկությամբ, որը կարևոր նշանակություն ունի մինչև չորս օրական թրթուրների մոտ հիվանդությունները կանխելու համար: Թարմ կաթը սպիտակ, դեղնավուն կամ բաց կաթնագույն, անթափանց կամ կիսաթափանցիկ մասսա է՝ յուրահատուկ հոտով ու համով: Երեք օրական հասակի թրթուրով մայրապտուկը պարունակում է առավելագույն քանակությամբ մայրակաթ, միջինը՝ 235 մգ: Մայրաթրթուր խնամող մեկ ընտանիքից սեզոնի ընթացքում կարելի է հավաքել մինչև 500 գ մայրակաթ: Մայրակաթը լայն կիրառություն ունի բժշկության մեջ: Կլինիկական փորձարկումները ցույց են տվել, որ մայրակաթը, ճիշտ դոզավորման դեպքում ունի ընդհանուր կազդուրիչ ազդեցություն օրգանիզմի վրա, կարգավորում է նյութափոխանակությունը, բարձրացնում է ախորժակը, օրգանիզմի դիմադրողականությունը: Այն դրական է ազդում նյարդային, Էնդոկրին, սրտանոթային համակարգերի և արյան քիմիական կազմի վրա: ՄԵՂՎԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ APIKULTUR Ն.Մ.Հակոբյան, Ա.Հ.Մարկոսյան, Կ.Թ.Ավետիսյան, Կ.Մ.Նալբանդյան

Читать далее «Մեղվի սնունդը»

Рубрика: Ձմեռանոց, Մեղվապահի օրագիր, Ուսումնական նյութեր

Մեղուների ձմեռում

20211031_122342

Սեբաստացի մեղվաընտանիքները այս տարի պատրաստվում են ձմեռել Արատեսում։ Նրանց կտեղավորենք մեղվապահի տան ձախակողմյան` արևմտյան սենյակում։ Սենյակը հարմար է դիրքով, ուստի կփորձենք այն օգտագործել որպես ձմեռանոց։ Ստորև գիտական նյութն է, որին և պետք է հետևենք ձմեռանոց դնելու ժամանակ։

Читать далее «Մեղուների ձմեռում»

Рубрика: Ուսումնական նյութեր

Մեղվի հիվանդությունները և դրանց կանխարգելումը

Մեղրատու մեղվի հիվանդությունները բաժանվում են 2 հիմնական խմբի՝ ոչ վարակիչ և վարակիչ։ Ոչ վարակիչ հիվանդությունների խմբին դասվում են այն հիվանդությունները, որոնք հիվանդ ընտանիքներից չեն փոխանցվում առողջներին։ Դրանք առաջանում են մեղուների կերակրման (կերի պակասը, նրա թունավոր լինելը), պահվածքի և բազմացման պայմանները խախտելուց։ Ավելի հաճախ մեղուների ոչ վարակիչ հիվանդություններն առաջանում են ընտանիքներում բարորակ կերի պակաս լինելուց։ Մասնավորապես, երբ ընտանիքներին մեղրը չի բավարարում, ապա սկսվում է ոսվը։ Վարակիչ են կոչվում այն հիվանդությունները, որոնք հիվանդ ընտանիքներից անցնում են առողջներին, հիվանդությունների նկատմամբ անապահով մեղվանոցներից առողջ մեղվանոցներին։ Վարակիչ հիվանդությունը հիվանդ ընտանիքից առողջին է փոխանցվում հիվանդության հարուցիչի միջոցով։
Հիվանդության նշանները Читать далее «Մեղվի հիվանդությունները և դրանց կանխարգելումը»

Рубрика: Ուսումնական նյութեր

Մեղվի ընտանիքի կազմըը

ՄԵՂՐԱՏՈՒ ՄԵՂՎԻ ԸՆՏԱՆԻՔԻ ԿԱԶՄՆ ՈՒ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Մեղվի նորմալ ընտանիքը բաղկացած է երեք տեսակ անդամներից (անհատներից), որոնք տարբերվում են իրենց կատարած աշխատանքով, կազմությամբ, մեծությամբ, գույնով ու մի շարք այլ հատկանիշներով:Նորմալ ընտանիքը ունի մեկ մայր, որը փեթակում կատարում է բազմացման ֆունկցիա: Ընտանիքի մյուս հիմնական անդամը աշխատավոր մեղուն է (էգը), որի քանակը ամառվա ընթացքում կարող է հասնել մինչև 80հազարի, երբեմն էլ` ավելի: Աշխատավոր մեղուները ունեն չզարգացած սեռական օրգաններ և զուրկ են բոռի հետ զուգավորվելու ընդունակությունից: Նրանք ընտանիքում կատարում են բոլոր տեսակի աշխատանքները: Գլխավոր մեղրաբերքից հետո աշխատավոր մեղվի քանակն աստիճանաբար պակասում է: Լեռնային շրջաններում աշնանը յուրաքանչյուր ընտանիքում մնում է շուրջ 15-20 հազար, իսկ դաշտային շրջաններում մոտ 12-15 հազար մեղու: Մեղվի ընտանիքում գարնան երկրորդ կեսից մինչև ամառվա երկրորդ կեսը առաջանում են բոռեր (արու), որոնց քանակը կարող է հասնել մինչև մի քանի հազարի: Բոռերն ընտանիքում ոչ մի աշխատանք չեն կատարում, բացի երիտասարդ մայրերին բեղմնավորելուց: Գլխավոր մեղրաբերքից հետո աշխատավոր մեղուները բոռերին ոչնչացնում են: Մեղվի ընտանիքում այս երեք տեսակի մեղուներն ապրում են որպես կենսաբանական և տնտեսական մեկ միավոր՝ ոչ մայրը, ոչ բոռը և ոչ էլ աշխատավոր մեղուն առանձին վերցրած կամ էլ խմբով ընտանիքից դուրս երկար ապրել և բազմանալ չեն կարող:

Читать далее «Մեղվի ընտանիքի կազմըը»